Հաագայի դատարանն արգելել է չինական BYD ավտոարտադրողին իր Ti7 ամենագնացը վաճառել Եվրոպական միությունում՝ նախնական վարույթի ընթացքում գտնելով, որ մեքենան խախտում է Jaguar Land Rover-ի դիզայնի իրավունքները։ Ինչպես հաղորդել է The Guardian-ը, արգելքն ուժի մեջ կմտնի ուրբաթ օրվա որոշումից մեկ շաբաթ անց։
Jaguar Land Rover-ը գործը հարուցել է այս տարվա սկզբին, երբ BYD-ն հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայում պատվերներ է ընդունում յոթտեղանոց՝ էլեկտրացանցից լիցքավորվող հիբրիդի համար, որը Չինաստանում հայտնի է որպես Fangchengbao 7։ Դատարանը հայտարարել է, որ Jaguar Land Rover-ի դիզայնի բնորոշ տարրերն արտացոլված են Ti7-ում։ Սակայն որոշման մեջ նշվել է, որ BYD-ն մեքենան ԵՄ շուկա հանելու կոնկրետ ծրագրեր չի ունեցել։
Նիդեռլանդների դատարանը հայտարարել է, որ իրավասություն չունի BYD-ի՝ Մեծ Բրիտանիայում գործունեության նկատմամբ, որտեղ Ti7-ը վաճառքի է հանվել 47 995 ֆունտ ստեռլինգով, իսկ հաճախորդներին մատակարարումները նախատեսվում են 2027 թվականի հունվարից։ Ըստ The Guardian-ի՝ այդ գինը Defender-ի գնից ավելի քան 20 000 ֆունտով ցածր է։ BYD-ն հայտարարել է, որ Ti7-ը նախագծվել է ինքնուրույն, և որ կտրականապես համաձայն չէ որոշման հետ։
Որոշումը նաև արգելում է BYD-ին Ti7 արտադրել Հունգարիայի Սեգեդ քաղաքում գտնվող իր նոր գործարանում մինչև մտավոր սեփականության գործի լուծումը։ Ակնկալվում է, որ գործարանը մեքենաների արտադրությունը կսկսի 2026 թվականի վերջին։ BYD-ն նախատեսում է բողոքարկել, իսկ Jaguar Land Rover-ը հայտնել է, որ վարույթը շարունակվում է։



