Եվրոպայում գազի գները երկուշաբթի կտրուկ աճել են, քանի որ հյուսիսարևմտյան Եվրոպայում ավելի ցուրտ եղանակի կանխատեսումներն ուժեղացրել են ձմեռային մատակարարումների հետ կապված մտահոգությունները։ Եվրոպական հենանիշ համարվող՝ հաջորդ ամսվա մատակարարման նիդեռլանդական պայմանագրի գինն աճել է մինչև 8,6 տոկոսով՝ հասնելով 96,08 եվրոյի, ապա վաճառվել 92,50 եվրոյով՝ 4 տոկոս աճով, հաղորդել է The Guardian-ը։
Աճին նախորդել են Մերձավոր Արևելքում պատերազմի պայմաններում Կատարից գազի արտահանման դանդաղումը և ամառային շոգերի ընթացքում Եվրոպայում սպառման ավելացումը, երբ աճել էր հովացման և սառեցման պահանջարկը։ Ըստ հրապարակման՝ մայրցամաքի պահեստարանները լցված են մոտ 69 տոկոսով՝ սովորական սեզոնային 80 տոկոսի դիմաց։
Բրիտանիայում էներգետիկ համակարգերի օպերատորները հայտարարել են, որ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները բավարար կլինեն ամենացուրտ ամիսներին՝ մասամբ ներմուծումն ապահովելու համար շուկայական ավելի բարձր գներ վճարելու շնորհիվ։ Այդ ծախսերի հետևանքով բրիտանական տնային տնտեսությունների էներգիայի վճարներն այս ձմռանը կարող են լինել Եվրոպայի ամենաբարձրերից։ Ակնկալվում է, որ կարգավորող Ofgem մարմինը կհայտարարի հունվարից իր եռամսյակային գնային սահմանաչափը 26 տոկոսով բարձրացնելու մասին, ինչը գազ և էլեկտրաէներգիա օգտագործող տնային տնտեսության միջին տարեկան հաշվին կավելացնի 443 ֆունտ։
Citizens Advice կազմակերպությունն ակնկալում է, որ ավելի շատ մարդիկ կդիմեն անհետաձգելի օգնության համար, և կոչ է արել նպատակային աջակցություն տրամադրել, այդ թվում՝ վարկային միջոցներ կանխավճարով օգտվող հաճախորդներին։ Անցյալ ամսվա բյուջեում կառավարությունը հայտարարեց 100 ֆունտ տրամադրելու մասին տեղական հարկի A-ից D կատեգորիաներում գտնվող 20 միլիոն տնային տնտեսության։ Գնային սահմանաչափի սպասվող բարձրացման չափը մնում է անորոշ, մինչև Ofgem-ը կհայտարարի իր որոշումը։



