Կալիֆոռնիան արգելել է Waymo-ին նահանգի արագընթաց մայրուղիներում շահագործել կամ փորձարկել իր անվարորդ մեքենաները՝ ճանապարհային աշխատանքների պատճառով փակված հատվածների և մայրուղային պարեկության կողմից երթևեկության դանդաղեցման հետ կապված մի շարք միջադեպերից հետո։ Ըստ The Guardian-ում հրապարակված Associated Press-ի հաղորդման՝ նահանգի ավտոտրանսպորտային միջոցների վարչությունը հայտարարել է, որ մեքենաներն անմիջական վտանգ են ներկայացնում հանրային անվտանգության համար։
Նոյեմբերի 5-ին Waymo-ի երեք մեքենա Սան Ֆրանցիսկոյից հարավ մտել է ընթացիկ ճանապարհային աշխատանքների պատճառով փակված հատված, հայտնել է վարչությունը։ Հաջորդ օրը տեսագրվել է, թե ինչպես է Waymo-ի մեքենան Սան Ֆրանցիսկոյի մայրուղում փորձում անցնել Կալիֆոռնիայի մայրուղային պարեկության՝ երթևեկությունը դանդաղեցնող մեքենաների կողքով։ DMV-ի խոսնակ Ջոնաթան Գրովմանը հայտնել է, որ նման միջադեպեր տեղի են ունեցել նաև մայիսի 18-ին։
Սահմանափակումը սահմանվել է անցյալ չորեքշաբթի։ Alphabet-ի դուստր ձեռնարկություն Waymo-ն անցյալ տարի իր ինքնավար մեքենաների աշխատանքն ընդլայնել է դեպի Սան Ֆրանցիսկոյի, Լոս Անջելեսի և Ֆինիքսի շրջակայքի արագընթաց ու միջնահանգային մայրուղիներ։ Ընկերության խոսքով՝ Կալիֆոռնիայի US 101 ճանապարհի շինարարական գոտիներում վերջին դեպքերի հետևանքով տուժածներ կամ բախումներ չեն եղել։
Waymo-ն հայտնել է, որ մեքենաների աշխատանքը գնահատելու ընթացքում ժամանակավորապես սահմանափակել է արագընթաց մայրուղիներով երթևեկությունը նաև իր մյուս շուկաներում, սակայն Կալիֆոռնիայի քաղաքային փողոցներում մեքենաները շարունակում են սովորական աշխատանքը։ Ըստ DMV-ի՝ Կալիֆոռնիայի սահմանափակումը կպահպանվի, մինչև Waymo-ն ցույց տա, որ արդյունավետ ուղղիչ միջոցներ է ձեռնարկել․ հաղորդման մեջ չի ասվում, թե երբ դա կարող է տեղի ունենալ։



